«Աստված կա՛, և Նա զարմանալի է ու անկրկնելի»։ Այս ուշացած, բայց և այնպես տեղին ասված խոստովանություն¬վկայությունը ժամանակակից ու հանրահռչակ գիտնականներինն է, որոնց կարծիքն ու խոսքը արդեն անհնար է անտեսել, քանի որ նրանք ոչ թե բանական ու էյֆորիկ մակարդակով են փորձում համոզել, այլ գիտական ու անհերքելի փաստերի և հաշվարկների հիման վրա։ ՈՒ եկել է այն ժամանակը, որ թերամիտ ու տատանվող մարդիկ ասեն ավետարանական այն նույն խոսքերը, ինչ ասացին Սամարիայի բնակիչները, ովքեր եկան ու լսեցին Տիրոջ խոսքերը, որից հետո ասացին իրենց Հիսուսի մոտ ուղեկցած կնոջը. «Այսուհետև քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք Նրանից և գիտենք, թե Նա՛ է ճշմարտապես Փրկիչն աշխարհի» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 4.42):
Փաստագրական պատմությունից հայտնի է, որ դեռ երիտասարդ ու տաղանդավոր անգլիացի գիտնական Չարլզ Դարվինը 19-րդ դարի ամենասենսացիոն հայտնագործությունն արեց, այսինքն՝ մարդկային ցեղին կապկային ծագում վերագրեց իր հայտնի էվոլյուցիոն տեսության միջոցով։ Դա բոլորս լավ սերտեցինք, քանզի այս տեսությունը դարձավ խորհրդային կայսրության հիմնաքարերից մեկը (դժբախտաբար, նաև այսօր` շատ երկրներում, նույնիսկ մեզ մոտ), որը, չունենալով բավարար կարծրություն, շուտով վերածվեց ավազի և դարձավ կայսրության փլուզման գործոններից մեկը։ Ինչո՞ւ, շատ պարզ, քանզի այն պետությունը, որն առաջինը համարձակվեց պնդել, թե Աստված չկա, և սկսեց մարտնչել այդ «գոյություն չունեցող» Աստծո դեմ, ոչնչացնելով Նրա եկեղեցիները, սրբատեղիներն ու այն ամենը, ինչը հիշեցնում էր Աստծուն, ընդհուպ քահանաներին ու հավատացյալ ժողովրդին, ընկավ Աստծո բարկության տակ։ Տիրապետելով աշխարհի մեկ վեցերորդ մասին, այնուամենայնիվ, չկարողացավ իրականացնել իր ծրագրած կոմունիզմի գաղափարախոսությունը, որովհետև, ավետարանական հայտնի առակի նման, տունը ավազի վրա էր կառուցել։ Իսկ Դարվինը տարիներ անց նորից անդրադարձավ իր գիտական թեզին, քննեց այն Աստվածաշնչի տեսանկյունից և հանգեց այն եզրակացության, որ... Բայց ավելի լավ է խոսքը տանք իրեն. «Ես երիտասարդ եմ եղել, այն ժամանակ իմ մտքերը դեռ ձևավորված չեն եղել։ Ես արել եմ տարբեր ենթադրություններ, անընդհատ մտորել եմ գոյություն ունեցող ամեն ինչի մասին։ Բայց, ի զարմանս ինձ, այդ թեզերը տեղնուտեղը վերցնում էին։ ՈՒ մարդիկ դրանցից կրոն սարքեցին»։ Նրա տատանումները սկսվեցին այն պահից, երբ ուսումնասիրեց մարդու աչքի կառուցվածքը... Դարվինը երկյուղածությամբ խոնարհվեց Աստծո արարչական հանճարի առաջ։
Այս ուշացած խոստովանությունը Դարվինը ծեր տարիքում արեց, երբ արդեն մահվան անկողնում էր։ «Բրիտիշ Էվանջելիստի» 1920 թվականի համարներից մեկը փաստում էր. «Դարվինը բարձին հենված, նստած էր անկողնում։ Նրա լուսամուտից բացվում էր մի հրաշալի տեսարան։ Մայր մտնող արևը մեղմ ճառագայթներով լուսավորում էր մահամերձին, որն Աստվածաշունչ էր կարդում։ Իսկ երբ չէր կարողանում ընթերցել, խնդրում էր իրեն խնամող լեդի Հոուպին։ Եվ երբ մի անգամ նա հարցրել է, թե ի՛նչ թեմայի նյութ կուզենար լսել, Դարվինը պատասխանել է` Հիսուս Քրիստոսի և Նրա փրկագործության. մի՞թե դա լավագույն թեման չէ»։
Դարվինին խնամող այդ կինը մեռնելուց առաջ խոստովանել է, որ Դարվինն իրեն խնդրել է Նոր կտակարան կարդալ և այնպես անել, որ կիրակնօրյա դպրոցի սաներն իր պատուհանի տակ երգեն «Կանաչ բլրակի հետևում» անգլիական հանրահայտ հոգևոր օրհներգը։ Մեռնողի ցանկությունը կատարվել է։ Խորապես հուզված գիտնականն ասել է. «Որքա՞ն եմ ափսոսում, որ ես իմ էվոլյուցիայի տեսությունը շարադրեցի այնպես, ինչպես արել եմ, քանզի չձևավորված երիտասարդական մտքերս են հիմք ծառայել էվոլյուցիոն տեսության համար»։ Իսկ Ֆորդայսին գրած նամակներից մեկում Դարվինը խոստովանել է. «Ամենածայրահեղ տատանման րոպեներին անգամ ես երբեք աթեիստ չեմ եղել, որ մերժեմ Աստծո գոյությունը։ Իսկ գիտնականների` երկրի վրա պատահաբար ծագած կյանքի մասին մտածելը նույնն է, թե ասենք` տպարանում պատահած պայթյունի պատճառով բառարան է գոյացել»:
Խնդրո առարկայի վերաբերյալ հիշում եմ կոմունիստական տարիներից լսածս այս վկայությունը։ Երևանի պետական համալսարանի ուսանողներին աթեիզմ էր դասավանդում այդ ժամանակ ամենքին հայտնի ընկեր Սվազյանը։ Մի օր դասերից հետո այդ դասախոսին հրավիրում են սերտ զրույցի, ու երբ նա, այսպես ասած, մի քիչ թուլացել էր իր աթեիստական կարծրությունից, ուսանողները մտերմորեն հարց էին տվել նրան. «Ընկեր Սվազյան, այսքան տարիներ, որ մեզ անընդհատ պնդում եք, թե Աստված չկա՛, Աստված չկա՛, իսկապե՞ս այդպես է»։ Այդ ժամանակ հարգարժան դասախոսը չափազանց լրջորեն պատասխանել է իր ուսանողներին. «Տղանե՛ր, մի բան եմ ասելու` ուրիշ տեղ չկրկնեք, բայց իմացե՛ք, եթե մի բան չլիներ, ինչո՞ւ պետք է մեզ այդքան փող տային, որ ասենք, թե չկա։ ՈՒրեմն Աստված կա՛, որ մեզ էս կոմունիստները վճարում են, որ ասենք չկա։ Բայց այս ամենը` մեր մեջ»։ Չնայած կոմունիստական համակարգը փլուզվեց, բայց Դարվինի էվոլյուցիոն «տեսությունը» մինչ օրս էլ շարունակում է իր թունավոր շոշափուկները տարածել մինչև իսկ միլիոնավոր մարդկանց սրտերը, նրանց զրկելով իրենց աստվածային ծագման իրականության ճանաչողությունից։
Այսպիսի ուսանելի պատմություն կա քրիստոնեական գրականության մեջ. մի ֆերմեր լեռներում արծվի բույն է գտնում ու թռչունների արքայի ձվերից մեկը գողանում, բերում և իր թռչնանոցի թուխս նստած հավերից մեկի տակ դնում, որ տեսնի, թե ինչ կլինի հետագայում։ Երբ գալիս է ճտերի ի հայտ գալու ժամանակը, արծվի ձագն էլ է ծնվում ու մյուս ճուտիկների հետ մայր հավի հետևից ընկած օրերով քուջուջ անում տան բակի գոմաղբում։ Անցնում է ժամանակ, ու մի օր նա երկնքում հանկարծ տեսնում է հավի նման, բայց տարօրինակ մի թռչունի, որը վեհապանծ ընթացքով սավառնում է երկնի կապույտում։ Արծվաճուտը տխուր մտածում է, որ ինքը մայր հավի նման ցանկապատից վեր երբեք էլ չի կարող թռչել։ Այդ պահին արծվի սուր հայացքն ընկնում է բակում քջջող ճտերի վրա, և հանկարծ մայր արծիվը հասկանում է, որ դրանցից մեկն իր ձագն է, ու երկնքից տիրաբար ձայն է տալիս. «Այդ ի՞նչ ես անում ներքևում, գոմաղբի մեջ քուջուջ տալով, դու հավ չես, այլ թռչունների արքայի սերունդ, թա՛փ տուր թևերդ, վեր բարձրացիր ու համոզվիր»։ Եվ արծվի ձագը, անսալով մոր կանչին, բացում է մինչ այդ չօգտագործվող թևերն ու, իսկապես, սկսում է վեր բարձրանալ, նախ մինչև ցանկապատը, հետո տան տանիքի չափ, իսկ հետո ավելի վե՜ր, վե՜ր, դեպի երկնքի կապույտը, հաղթական և ուրախության ճիչով ողջագուրվելով մորը։
Այս պատմության նման մեզնից շատերը խաբվելով մեղքի գոմաղբի մեջ քջջող անհավատներից, կարծում են` իրենք մնացած կենդանիների նման ծնվել ու աշխարհ են եկել ուտելու, խմելու, աշխատելու և բազմանալու համար, ու երբ գա վախճանը, մեռնելու են, գերեզման են դրվելու ու վերջ։
Դավթի սաղմոսներից մեկում ասվում է. «Մարդը պատիվ ուներ և չհասկացավ` հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց» (Սաղմոս 49.21)։ Ո՞րն էր այդ պատիվը, որ պետք է հասկանայինք ու անբան անասունների չնմանվեինք. ընդամենն այն, որ մենք մարդ ենք, Աստծո պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված, ինչպես գրված է. «Աստվածներ եք դուք, կամ բոլորդ էլ որդիներն եք Բարձրյալի: Բայց ահա մեռնում եք դուք որպես մարդ» (Սաղմոս 82.7):
Հիմա հարց նրանց, ովքեր դեռևս հավատում են իրենց կապկային ծագմանը. «Դարվինի «գիտական հարցադրումից» անցել է շուրջ երկու հարյուր տարի, ինչո՞ւ ոչ մի կապիկ աշխարհի ոչ մի գազանանոցում մարդ չդարձավ, կամ էլ անտառից ոչ մի մարդ դուրս չեկավ, ասելով, թե ինքը մի ժամանակ կապիկ էր։ Ինչ է, էվոլյուցիան ավարտվե՞ց»։
Աշխարհի լուրջ գիտնականները, ովքեր Ճշմարտությունն են փնտրել ու գտել (Տերն Ինքն է խոստացել. «Փնտրեցե՛ք, կգտնեք, բախեցե՛ք, կբացվի»), խոստովանում են. «Կա՛ Աստված, կա՛»։ Ժամանակակից գերհզոր միկրոսկոպների միջոցով գիտնականները ներթափանցեցին կենդանի բջջի մեջ... հիացմունքից ապշեցին, տեսնելով ինչ է կատարվում այնտեղ։ Նույն գիտնականները կարծում էին, թե մեր բջիջներն ընդամենը դոնդողով լեցուն փոքրիկ պարկեր են, բայց տեսնելով, թե ինչ կատարելություն է այդ մի բջիջը, կարկամել են արարչական հանճարից։
Մի քանի տեղեկություն մեր մարմնի կենդանությունն ապահովող միլիարդավոր ամենապարզ բջիջներից մեկի կառուցվածքի մասին. այս գիտությունը կոչվում է մոլեկուլյար գիտություն։ Գիտնական Բայկլ Դենտոնը բացատրում է, որ միլիոն անգամ մեծացրած բջիջը նման է իսկական տիեզերանավի, որը բաղկացած է միլիոնավոր դռներից, որոնք բացվում և փակվում են ամենաաներևակայելի հնարքներով։ Օրինակ, երբ այդ բջիջին են մոտենում հորմոնները, բջջի դռները ամեն մեկի առաջ չեն բացվում, այլ նախապես ստուգում են մոլեկուլները, եթե համոզվում են, որ օգտակար է, բացվում են դռները, ներս են թողնում նրան։ Բայց եթե «ստուգումից պարզվում է, որ այն վիրուսակիր է, ապա չեն բացվում։ Իսկ երբ բջջին է մոտենում ինսուլինի մոլեկուլը, որը պարունակում է շաքարի մոլեկուլ, և որը շատ ավելի մեծ է, քան տվյալ բջջի դուռը, դռներից մեկը մեծանում է այդ օգտակար էներգակիր մոլեկուլին համապատասխան ու ներս ընդունում շաքարի մոլեկուլը, որը հատուկ տեղավորվում է համապատասխան վայրում, մինչև կգա դրա միջի էներգիայից օգտվելու ժամանակը։ Այն, ինչ տեսել են ժամանակակից ուսումնասիրողները, վեր է եղել մարդկային մտքի երևակայությունից։ Պատճառը նաև սա է. նրանցից շատերն անհավատության պատճառով դեռևս չեն կարդացել Աստծո խոսքը. «Ինչպես երկինքն է երկրից բարձր, այդպես էլ Իմ միտքը ձեր մտքից»։
Իսկ Հոբ Երանելին մարդու արարչությունն այսպես է նկարագրում.
«Քո ձեռքերը ինձ ստեղծեցին ու իմ բոլոր անդամները կազմեցին։
Հիշի՜ր, որ ինձ կավի պես ստեղծեցիր ու հիմա ինձ հո՞ղ պիտի դարձնես։
Չէ՞ որ կաթի պես ինձ թափեցիր ու պանրի պես թանձրացրիր։
Ինձ մորթով ու մսով հագցրիր ու ոսկորներով ու ջղերով հինեցիր։
Ինձ կյանք ու ողորմություն շնորհեցիր։
ՈՒ քո խնամքը հոգիս պահպանեց» (Հոբ 10.9-12)։
Շատերն են ձեռքերը վեր բարձրացնելով խոստովանել. «Այն ամենը, ինչ տեսնում ու չենք տեսնում, անկասկած, արարչական սկիզբ ունի, ու այդ Արարչի անունն է՝ Աստված Ամենակալ»։
Մաքս Պլանկը այս մասին գրել է. «Կրոնն ու գիտությունը, ի վերջո, ճշմարտությունն են որոնում և գալիս են Աստծո գոյության մասին եզրակացությանը։ Առաջինն Աստծուն պատկերացնում է որպես ամեն ինչի հիմք, իսկ երկրորդը՝ որպես աշխարհաճանաչողության վերջ»։
Իսկ Լուի Պաստյորը իր ժամանակի աթեիստ գիտնականների մասին գրել է. «Դեռ կգա ժամանակ, երբ կծիծաղեն մեր ժամանակակից մատերիալիստական փիլիսոփայության հիմարության վրա։ Ինչքան շատ եմ զբաղվում բնության ուսումնասիրմամբ, այդքան շատ եմ հիացմունքով կանգ առնում Ստեղծողի գործերի վրա ու լաբորատորիայում աղոթում եմ աշխատանքից առաջ»։
Այս առիթով նաև կատականման վկայություն կա։ Երբ հանրահռչակ գիտնական Թոմաս Էդիսոնին լրագրողները հարց են տալիս, թե իսկապես առաջին խոսող սարքը ինքն է հնարել (ըստ ընդունված կարծիքի` Էդիսոնին է վերագրվում հեռախոսի գյուտը), պատասխանում է` իհարկե` ոչ, ինձնից շատ դարեր առաջ Ադամի կողից է այն պատրաստվել։
Վերջում, որպես օգնություն ընթերցողին, Աստծո խոսքից գրենք մի քանի նախադասություն, որպեսզի դրանց միջոցով ինքնաքննություն կատարենք։
Տեր Հիսուսն ասում է. «Ես եմ ճշմարտությունը և կյանքը», բայց մենք գերադասում ենք մեղքն ու մահը։
«Ես եմ բարի Հովիվը», բայց մենք Նրա ձայնը չենք ուզում լսել։
«Ես եմ Հոր մոտ ձեր բարեխոսն ու միջնորդը», բայց չենք դիմում Իրեն։
«Ես եմ Կենդանի Հացը, որ իջա երկնքից», բայց մենք Սուրբ Հաղորդությամբ չենք սնում մեր հոգիները։
«Ես եմ Աստծո Միածին Որդին», բայց մենք երկյուղով չենք երկրպագում Նրան։
«Ես եմ ձեր արարիչ Աստվածը», բայց մենք ուրիշ աստվածների ենք երկրպագում, լինի պաշտոն, փող, թե մարդ։
ՈՒրեմն, եթե Ես եմ ձեր Տերն ու Արարիչը, ապա ինչո՞ւ չեք աղոթում Ինձ, ինչո՞ւ Իմ խոսքերը չեք լսում ու կատարում դրանք։
Եթե Ես եմ ձեր Հայրը, ինչպես «Հայր մեր» աղոթքով եք ասում, ապա ինչո՞ւ Իմ տուն՝ Եկեղեցի չեք հաճախում ամեն կիրակի, որ սուրբ պատարագով մաքրվեք ու զորանաք։
Եթե Իմ անունը Սեր Աստված է, ապա ինչո՞ւ չեք վախենում Ինձնից ու չեք խոստովանում ձեր մեղքերը, որպեսզի հավիտենական կյանք ունենաք։
Եվ այսպես, աստվածճանաչողություն են ունենում միայն նրանք, ովքեր փնտրում են իրենց Արարչին, ինչպես որբը երբեք չտեսած իր ծնողներին։
Իսկ Աստծո խոսքն Իրեն չհավատացողների մասին սա է վկայում. «Ամբարիշտը իր մտքում ասաց` Աստված չկա, երբե՛ք չկա»։
Եթե Աստծո գոյության կամ չգոյության մասին քեզ ուզենաս հարց տալ, պատասխանը փնտրիր սրտումդ ու կհամոզվես, որ սուրբ նախնիներդ իսկապես իմաստուն են եղել ու Հիսուս Քրիստոսին հավատալով, Իր Հորը՝ կենդանի Աստծուն են ճանաչել։ ՈՒ տա՛ Աստված, մենք բոլորս էլ այժմ այդ իմաստությունն ունենանք ու դրանով առաջնորդվենք ազգովին, որպեսզի չտարրալուծվենք այս աշխարհում ահագնացող մեղքի ու անօրենության մեջ, որոնց վախճանը գալիք մաքրագործող հուրն է լինելու։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ